Իսրայելական լրատվամիջոցներն արձագանքել են Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը: Հրապարակումներում նշվում է, որ պապի հայտարարությունը կարող է փչացնել Անկարայի և Վատիկանի հարաբերությունները: «The Times of Israel»-ի փոխանցմամբ, Ֆրանցիսկոս I-ի հայտարարությունը, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները XX դարի առաջին Ցեղասպանությունն են, պայթյունավտանգ է և անպայման կբարկացնի Թուրքիային: Վատիկանում Թուրքիայի դեսպանությունը չեղյալ է հայտարարել ապրիլի 12-ին նախանշված մամուլի ասուլիսը:
Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես է եկել նաև նախկինում՝ գրել է իսրայելական «Haaretz»-ը՝ հավելելով, որ 2006-ին, դեռևս Հռոմի պապ չլինելով, նա Թուրքիային կոչ է արել Ցեղասպանությունը ճանաչել որպես հայ ժողովրդի և մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ծանրագույն հանցագործություն: